среда, 28 марта 2012 г.

Քարահունջի բնակիչները հավատում են լուսավոր ապագային


Քարահունջ համայնքի բնակիչները նշում են, որ մշակութային կյանքն այսօր մեռած է:
«Շուրջ  60  տարի առաջ, իմ երիտասարդական տարիներին, գյուղում մշակութային եռուզեռ էր տիրում,- պատմում է 85-ամյա վետերան  Ժորա Սարգսյանը,- Մայրաքաղաքից հաճախակի էին համայնք այցելում ու ելույթներով հանդես գալիս հռչակավոր դերասաններն ու երգիչները, նամանավանդ, Արաքսյա Գյուլբաշյանը»:
Սարգսյանը հիշում է նաև, որ Քարահունջում եղել և գործել են երաժշտության, պարի և երգի խմբեր, որոնք հաճախակի են կազմակերպել համայնքային միջոցառումներ:
Ըստ Սարգսյանի, համայնքում մշակութային կյանքը բարելավելու ոչ մի աշխատանք չի տարվում, շեշտում է նաև, որ համայնքը զուրկ է ստեղծագործական կազմից:
«Գյուղում չկան ժամանցի վայրեր, նոր տարուց նոր տարի են կազմակերպում միջոցառումներ,կառնավալներ»,- ասում է քարահունջեցի Բադամյան Մագդան:
Համայնքը ներկայումս ունի մշակույթի տուն, որի վարիչ Ժաննա Դավթյանի խոսքերով այն արդեն քանի տարի նորմալ չի գործում, ենթակա է վերանորոգման, նստարանների կարիք ունի:
Մշակույթի պալատի անմխիթար վիճակը մեկնաբանում է համայնքապետի տեղակալ Ծովինար Սարգսյանը. «Ժամանակին ծրագիր են շահել մշակույթի տունը վերանորոգելու համար, բայց չի իրականացվել այն պատճառով, որ պետք է վերանորոգվեր սեփական բյուջեով»:
Համայնքապետն առաջիկայում ծրագրել է եվրոպատուհաններ տեղադրել մշակույթի տան ջարդված պատուհանների փոխարեն և ժամանակի ընթացքում բարելավել վիճակը:
Համայնքապետարանի հաշվապահ Աշխեն Ավագյանը տեղեկացնում է, որ ժամանակին պարուսույց են հրավիրել, ով ստեղծել է պաի խմբակ, սակայն վճարի «կիսատ-պռատ» մուծման պատճառով դադարեցրել է պարապմունքները:
Մշակույթի տանը կից գործում է ընդամենը մի խաղասենյակ` նախատեսված  մեծահասակների համար, որը նաև երիտասարդական կենտրոնի դեր էր կատարում:
Համայնքն ունի գրադարան, որտեղ կա 7000 անուն գիրք, սակայն, ինչպես տեղեկացնում է գրադարանավարուհի Գայանե Մանուչարյանը, այդ գրքերը բավարարում են միայն միջնակարգ կրթություն ունեցող  դպրոցականներին:
«Միշտ չէ, որ հնարավոր է լինում եղած գրականությամբ նրանց գոհացնել,- ասում է տիկին Մանուչարյանը,- բացի աշակերտներից, ուսանողներից ու գյուղացիներից գրադարանից օգտվում են նաև համայնքի տարածքից ոչ հեռու գտնվող զորամասի զինծառայողները»:
Գրադարանավարուհին առավել շատ ցավում է այն բանի համար, որ նույնիսկ հեքիաթների ու առակների գրքեր չկան, որոնց  պահանջարկը շատ մեծ է:
Եվ չնայած այս ամենին, Քարահունջի բնակիչները համոզված են, որ երբևէ իրենց «մեռած մշակութային կյանքը» կվերակենդանանա:  

Комментариев нет:

Отправить комментарий